
Փարիզ – Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ղեկավարած «Ռենեսանս» կուսակցությունը հանդես է եկել օրենսդրական առաջարկով, որը նախատեսում է արգելել 15 տարեկանից փոքր աղջիկներին հասարակական վայրերում կրել մահմեդական գլխաշոր (հիջաբ)։
Առաջարկը ներկայացվել է մայիսի 21-ին Ֆրանսիայի կառավարության նիստում՝ ի պատասխան քաղաքական իսլամիզմի և դրա ենթադրյալ ազդեցության մասին հրապարակված զեկույցի։ «Ռենեսանս» կուսակցության ներկայացուցիչները պնդում են, որ նման սահմանափակումն ուղղված է երեխաների պաշտպանությանն ու գենդերային հավասարության պահպանմանը։ Կուսակցության ղեկավար Գաբրիել Ատալը նշել է, որ ծրագրվում է նաև քրեականացնել ծնողների վարքագիծը, եթե նրանք հարկադրեն անչափահաս դուստրերին կրել գլխաշոր։
Առաջարկը բխում է Ֆրանսիայի իշխանությունների կողմից հանձնված զեկույցից, որը մանրամասնում է Մուսուլման եղբայրության ենթադրյալ ներթափանցումը տեղական կառույցներ, կրթական համակարգ և սպորտային ոլորտ։ Զեկույցում այն գնահատվում է որպես ազգային համախմբվածությանը սպառնացող գործոն։
Նախաձեռնությունը քննադատության է արժանացել մի շարք քաղաքական գործիչների և մարդու իրավունքների պաշտպանների կողմից, որոնք այն համարում են խտրական մահմեդական համայնքի նկատմամբ։ Ֆրանսիայի մահմեդական համայնքի ներկայացուցիչները ևս մտահոգություն են հայտնել՝ նշելով, որ նման քայլը կարող է հանգեցնել համայնքի նկատմամբ հանրային տրամադրությունների սրմանը։
Ֆրանսիան հայտնի է իր աշխարհիկության խիստ սկզբունքներով։ 2004 թվականին ընդունվել է օրենք, որը արգելում է կրոնական խորհրդանիշների, այդ թվում՝ հիջաբի, կրումը պետական դպրոցներում, իսկ 2010-ին արգելվել է դեմքը ծածկող հագուստը հանրային վայրերում։
Առաջարկը ներկայումս գտնվում է քննարկման փուլում և դեռ չունի օրենքի ուժ։ Կառավարությունը նախատեսում է մինչև հունիս ներկայացնել առաջարկների ամբողջական փաթեթը՝ հիմնված հրապարակված զեկույցի եզրակացությունների վրա։